Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններին ու մեդալակիրներին մեծ շուքով դիմավորել են հայրենիքում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն այս գիշեր վերադարձել են Բուլղարիայից: Եվրոպայի առաջնությունից մեդալներով վերադարձած ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ, մարզասերներ:
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը միասին նվաճել են 11 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներ (առանձին վարժությունների մեդալները ներառյալ)։ Այս ցուցանիշով Հայաստանը Եվրոպայում լավագույնն է:
Տղամարդկանց թիմային պայքարում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած ընտրանին երկրորդն է՝ զիջելով միայն Բուլղարիային:
Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ լավ էր պատրաստվել առաջնությանն ու արել է առավելագույնը. «Շատ ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալը նվաճել: Չեմ կարող ասել՝ Լաշայի բացակայությունը որքանով էր մոտիվացնող, բայց ես լիովին պատրաստ էի ու արեցի այն, ինչ կարող էի: Հիմա փուլ առ փուլ գնում ենք դեպի Օլիմպիական խաղեր: Փարիզում հաղթանակի հասնելու համար պետք է քրտնաջան աշխատել ու մարզվել, ինչն էլ անում եմ»:
Ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, որը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել էր մարզակոշիկներն ու ակնարկել կարիերան ավարտելու մասին, նշել է՝ կարիերան ավարտելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեն մարզչական խորհրդի հետ:
«Ունեմ բավականին լուրջ վնասվածքներ: Առաջին հերթին բուժում կստանամ: Դեկտեմբերին կայանալու է աշխարհի առաջնությունը. եթե տեսնենք՝ կարող եմ այդ ժամանակ մեդալի հավակնել, ապա կմասնակցեմ նաև աշխարհի առաջնությանը: Երբ հանեցի մարզակոշիկներս, կարծում էի՝ չեմ կարողացել մեդալ ապահովել: Մարզիչս չհասցրեց ասել, որ բրոնզե մեդալ եմ նվաճել: Սիրտս թողել եմ հարթակում: Տեսնենք՝ ինչ կլինի հետագայում»,- ասել է Հռիփսիմե Խուրշուդյանը և խոսել նաև իր զգացողությունների մասին:
«Իհարկե, գոհ եմ այն արդյունքներից, որոնք գրանցեցի այս տարիքում՝ երկու բալիկներից հետո մեծ սպորտ վերադառնալով: Խոստացել էի կրկին բարձրացնել մեր եռագույնը. ուրախ եմ, որ կարողացա պահել խոստումս: Ինձ համար դա հերոսություն էր»,- նշել է 36-ամյա մարզուհին:
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչմանն արժանացել են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (109+ կգ):
Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109+ կգ): Երկամարտի արդյունքներով ԵԱ-ի պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և կանանց հավաքականի առաջատար Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):
Հայաստանի հավաքականները ԵԱ-ին մասնակցել են Փաշիկ Ալավերդյանի և Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ:
Կարծիքներ