Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ-ի շրջանակներում․ Պեսկով
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և ցավում է, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովում հայկական կողմը բարձր մակարդակով ներկայացված չի լինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, կարող ենք ափսոսանք հայտնել, որ վաղվա գագաթնաժողովին Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի։ Հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում», - նշել է Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երևանը ներկայումս չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։
Կարծիքներ