Լոս Անջելեսում COVID-19-ի պատճառով տնային մեկուսացում են սահմանել բոլոր բնակիչների համար
Լոս Անջելեսի՝ ԱՄՆ-ի մեգապոլիսներից մեկի, իշխանությունները հայտարարել են COVID-19-ով հիվանդացության դեպքերի աճի պատճառով քաղաքի բոլոր բնակիչների համար պարտադիր տնային մեկուսացում սահմանելու մասին: Այդ մասին ասվում է որոշման մեջ, որտեղ նաեւ թվարկվում են հրահանգից բազմաթիվ բացառությունները: Ինչպես հաղորդվում է փաստաթղթում, որը հրապարակված է Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիկ Գարսետիի կայքում, «քաղաքն այժմ մոտ է կործանարար բեկումնային պահին», որից հետո հոսպիտալացված անձանց քանակը կսկսի գերազանցել հիվանդանոցային ֆոնդի հնարավորությանը:
«COVID-19-ի տարածման վերաբերյալ այս տխուր փաստերը մեր քաղաքում նշանակում են, որ մենք պետք է վերականգնենք ավելի խիստ սահմանափակումներից մի քանիսը, որոնք սահմանվել էին գարնանը»,-ասվում է որոշման մեջ:
Քաղաքագլխի հրահանգով, որոշումը, որն ավելի վաղ սահմանվել էր ամռանը, ժամանակավորապես փոխարինվում է այլ կարգադրությամբ, ինչն «անհրաժեշտ է Լոս Անջելեսի կյանքի եւ ունեցվածքի պաշտպանության համար», որն ուժի մեջ է մտնում անհապաղ կարգով:
«Լոս Անջելեսում բնակվող բոլոր անձինք պարտավոր են տանը մնալ»,-ասվում է հրամանագրում: Անօթեւաններին իշխանությունները պետք է ժամանակավոր ապաստան տրամադրեն: Բնակության վայրից հեռանալ կարելի է միայն անհրաժեշտության դեպքում: Որոշման համաձայն, բոլոր ձեռնարկություններն ու ընկերությունները, որոնք պահանջում են աշխատակիցների անձնական ներկայություն եւ որոնց չեն վերաբերում բացառությունները, պետք է կասեցնեն իրենց գործունեությունը: Սակայն հրամանագիրը նախատեսում է բացառությունների ընդարձակ ցուցակ: Մասնավորապես, աշխատանքը կշարունակեն բուժհաստատությունները, պարենային խանութները, լցակայանները, ավտոարհեստանոցները, ֆինանսական հաստատությունները եւ շատ այլ հաստատություններ: Քաղաքացիներն իրավունք ունեն դրանց ծառայություններից օգտվել անհրաժեշտության եւ համաճարակաբանական միջոցառումների պահպանման համեմատ: Ինչպես նշվում է, որոշման կանոնների խախտումը կարող է իր հետեւից բերել տուգանք եւ նույնիսկ բանտարկություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ