ՀՀ-ի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրն արժանացել է ԱԺ հանձնաժողովի հավանությանը
Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում քննարկվել է ««ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը և համագործակցության իրականացման միջոցները:
Նախարարի տեղակալի խոսքով համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմին են հանդիսանալու երկու երկրների պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով:
«Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնված համագործակցություն ունենալ ոչ միայն ռազմական արտադրությունների համատեղ տեղադրման, այլև մեր զինվորների պատրաստվածության հարցում»,- ասել է հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը և կոչ արել նախագծին կողմ քվեարկել:
Հանձնաժողովն օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել:
Կարծիքներ