Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
Եվրախորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցները Սիրիայի և նրա կողմնակիցների դեմ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը՝ նկատի ունենալով Սիրիայում վատթարացող իրավիճակի լրջությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդի պաշտոնական կայքը։
Ներկայիս սահմանափակող միջոցներն ուղղված են ընդհանուր առմամբ 316 անձի և 86 կազմակերպությունների դեմ, որոնք ենթակա են ակտիվների սառեցման։ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է միջոցներ տրամադրել նրանց: Ֆիզիկական անձինք լրացուցիչ ենթակա են ճանապարհորդության արգելքի, ինչը թույլ չի տալիս նրանց մուտքը կամ տարանցումը ԵՄ տարածքով։
Խորհուրդը նաև որոշել է երկարաձգել 2023 թվականի փետրվարից մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացը` հաշվի առնելով Սիրիայում հումանիտար ճգնաժամի լրջությունը, որը սրվել է Թուրքիայի և Սիրիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:
«Այդ որոշումը կապահովի մարդասիրական օգնության և այլ գործողությունների շարունակական ժամանակին առաքումը, որոնք կաջակցեն մարդկանց հիմնական կարիքներին և կբարձրացնեն հետևողականությունը ԵՄ սահմանափակող միջոցառումների և ՄԱԿ-ի մակարդակով ընդունված միջոցառումների միջև։ Խորհուրդը մշտական վերանայման տակ է պահում սիրիական հակամարտության զարգացումները և կարող է որոշել երկարաձգել պատժամիջոցները և փոփոխել թիրախային կազմակերպությունների կամ անձանց ցուցակը՝ ելնելով տեղում տեղի ունեցող զարգացումներից»,- նշված է Եվրախորհրդի հայտարարության մեջ:
Եվրախորհուրդը կրկնում է, որ Սիրիայի համար կայուն խաղաղության միակ ճանապարհը քաղաքական լուծումն է՝ հիմնված 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված թիվ 2254 բանաձևի վրա:
Կարծիքներ