Հանրապետության նախագահի հարցազրույցը France 24-ին
Հանրապետության նախագահը հարցազրույց է տվել France 24-ին:
Հարց- Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այն փաստը, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ դուք պնդում եք, որ նրանք նման բան են անում: Դուք ունե՞ք ապացույցներ:
- Նախ և առաջ, չեմ կարծում, թե ճիշտ է ապացույցներ ուզել հանրապետության նախագահից: Երկրորդն՝ ապացույցն այնտեղ է, զինյալներն այնտեղ են, նրանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում են: Այս նույն զինյալները Սիրիայում էին, Լիբիայում էին: Նույն թուրքական գործակալությունը նրանց բերել է Ադրբեջան: Ապացույցն այդտեղ է:
Տարբերությունը 1990-ականների սկզբի պատերազմից այն է, որ այն ժամանակ ևս կային որոշ ջիհադիստ վարձկաններ Աֆղանստանից և այլ վայրերից, սակայն դրանք անհատներ էին: Այս անգամ իսլամիստ զինյալներ կամ ահաբեկիչներ են, ահաբեկչական խմբավորումներ, որոնք արգելված են տարբեր երկրների, այդ թվում և` Ֆրանսիայի կողմից: Նրանք այժմ Ադրբեջանի տարածքում են, կռվում են Արցախի հայերի դեմ, և այս ամենը կազմակերպում է Թուրքիան: Ես կարիք չունեմ ապացույցներ բերելու, քանի որ տարբեր երկրների հետախուզական ծառայություններ, այդ թվում և՝ Ռուսաստանի Դաշնությունում, հաստատել են այս փաստը: Կան տեսանյութեր, լուսանկարներ, աուդիոձայնագրություններ և այլն: Այստեղ հարցն ապացուցելը կամ չապացուցելը չէ:
Երբ նրանք՝ ադրբեջանական ու թուրքական կողմերը, սկսում են խոսել ապացույցների մասին, դա ինձ հիշեցնում է թուրքերի կողմից այդքան սիրված մեկ այլ «ապացույցի» մասին, թե՝ կա՞ ապացույց, որ 1.5 մլն հայեր են սպանվել 105 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ: Երբ Հայոց ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայեր կոտորվեցին, ինչպե՞ս կարելի է խոսել ապացույցների մասին՝ ասելով, թե ամեն ընտանիք, որը կոտորածի է ենթարկվել, պետք է ապացույցներ բերի:
Այժմ պետք է ոչ թե մտածենք ապացույցների մասին, քանի որ դրանք առկա են, այլ՝ թուրքական ներգրավվածության և Թուրքիայի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու մասին: Իսկ սա փաստ է: Նրանք ունեն F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ, նրանք ակտիվորեն ներգրավված են ռազմական և ոչ ռազմական գործողություններում, քանի որ ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը: Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում:
Հարցն ի սկզբանե սխալ է հենց ամենակարևոր ու հիմնական տեսանկյունից՝ ինչո՞ւ է առհասարակ այս պատերազմը ծավալվում, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի դադարեցնում այն, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ է անում հրադադար հաստատել, հորդորում է կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Եվ, վերջապես, ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից:
Կարծիքներ