Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կբացվի «Քաղաքային պատկերներ․ ժառանգության վկաներ» ցուցահանդեսը
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ․ Ա․ Աբրահամյանի հավաքածու) սեպտեմբերի 14-ին «Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ ներկայացնում է «Քաղաքային պատկերներ․ ժառանգության վկաներ» ցուցահանդեսը։
Այս տարի «Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ը «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո:
«Քաղաքային պատկերներ․ Ժառանգության վկաներ» ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 14-ը և կներկայացնի 20-րդ դարում ստեղծագործած հայ և օտարազգի գեղանկարիչների 27 քաղաքային բնապատկերներ` կատարված գրաֆիկական տարբեր տեխնիկաներով։
Միջթանգարանային համագործակցության շնորհիվ մայրաքաղաքի արվեստասեր հանրությանը կներկայացվի Դիլիջանի երկրագիտական թանգարան- պատկերասրահի հավաքածուից ընտրանի, որն արտացոլում է Հայաստանի և տարբեր եվրոպական քաղաքների տեսարաններ` որպես ժամանակի վավերագրողներ։
Ցուցադրության կիզակետային հանգույցը Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) «Լուսաբացին» ստեղծագործությունն է։
Քաղաքային բնանկարները գրաֆիկական աշխատանքներով ներկայացնելը պատահական չէ. վերջիններս լայնորեն տարածում են գտել եվրոպական արվեստում` սկսած Վերածննդի դարաշրջանից` տպագրության ի հայտ գալով:
1920–ական թվականներից Հայաստանում զարգացում են ապրում գրքային գրաֆիկան, փորագրանկարչությունն ու հաստոցային գծանկարը: Փորագրության բնագավառում հայ նկարիչները նախընտրություն են տվել օֆորտին, փայտագրությանը, վիմագրությանը և լինոգրավյուրայի տեխնիկաներին:
Նշենք, որ «Եվրոպական ժառանգության օրերը» Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն միջոցառումներից է, որին մասնակցում են Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 երկրներ։ Քսան տարուց ավելի է՝ Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող այս միջոցառմանը, որը «Եվրոպա՝ միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո ամեն տարի մի ծածկի տակ է համախմբում 50 երկրի:
Կարծիքներ