Երևանի բնակարաններից մեկում մեծաթիվ զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)
Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ու հատուկ նշանակության գումարտակի, ինչպես և Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 11-ին խուզարկել են Երևանի Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Իրավապահները հայտնաբերել են յոթ ինքնաձիգ, «Կալաշնիկովի» 3 ձեռքի գնդացիր, հակատանկային նռնականետ, պայթուցիչներով նռնակներ, 600-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք։ Հայտնաբերվել են նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 125 գրամից ավելի քաշով։ 57-ամյա տղամարդն ու նրա 30-ամյա որդին բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ձերբակալվել։
Մինչ այդ, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների, ինչպես և տարածքային քննչական մարմնի ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 29-ին Երևանի բնակիչ մի տղամարդ կամավոր հանձնել էր գործարանային համարով հրացան, հակատանկային նռնականետներ, 186 փամփուշտով լիցքավորված 13 փամփշտատուփ և տարբեր տրամաչափի ու հրազենների 2700-ից ավելի փամփուշտ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ