Հայաստանին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են
Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հուլիսի 22-ին կայանալիք նիստի օրակարգային հարցերի շարքում են լինելու նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելուն և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությանն ուղղված հարցերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրվելիք օժանդակությունը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը նպաստելուն է միտված լինելու։ ԵՄ-ն կարևորում է արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանությունը, և այս օգնությունը շեշտը դնում է նմանատիպ նպատակային ծախսերի վրա։ Նախատեսված օգնությունը ոչ մի պարագայում չի ծառայելու մահաբեր զենք-զինամթերք գնելուն, և չի ենթադրելու ռազմական համատեղ զորավարժություններ, քանի որ ԵՄ-ն զինուժ չունի։
ԵՄ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների նիստին նախատեսվում է նաև հաստատել Եվրահանձնաժողով-Հայաստան երկկոխության մեկնարկը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Երկխոսության մեկնարկից հետո այն վարելու հիմնական գործիքը կլինի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը կներկայացվի Հայաստանի իշխանություններին:
Ինչպես հայտնի է, տարիներ տևած բանակցություններից հետո Եվրամիությունն անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը:
Ավելի վաղ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնել էր, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22-ի նիստի օրակարգում։
Կարծիքներ