Իրաքի ազգային փոքրամասությունների կազմակերպությունների միության պատվիրակությունը խորհրդարանում է
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 4-ին հանդիպել է Իրաքի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների միության պատվիրակության հետ, որի կազմում են նաև Իրաքի խորհրդարանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է Իրաքում ապրող ազգային փոքրամասնություններով, նրանց հուզող խնդիրներով ու մարտահրավերներով:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի Զախո հանգստավայրում տեղի ունեցած հրետակոծությունը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել:
Իրաքի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու համար:
Նրանք գոհունակություն են հայտնել նաև Հայաստանի խորհրդարանականներին միջազգային կառույցներում աջակցության համար:
Հյուրերը մանրամասն ներկայացրել են իրենց խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը:
Կողմերը երկու երկրների միջև կապերն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել: Այս համատեքստում խորհրդարանական փոխայցերն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ազգային փոքրամասնություններին, նշվել, որ նրանք այստեղ պաշտպանված են: Մոտ ապագայում կընդունվի նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենք:
Կարծիքներ