Լավ օրերին ծառայելը հեշտ է, վատ օրերին է ջանք պահանջում. Իզաբելլա Աբգարյան

Լավ օրերին ծառայելը հեշտ է, վատ օրերին է ջանք պահանջում. Իզաբելլա Աբգարյան

Սիրելիներս,

Ցավից ու տագնապից մեզ ենք կորցրել, բայց պետություն կորցնելու իրավունք չունենք: Ամեն մեկս կարող ենք մեր գլուխը պատով տալ, բայց մեկս մյուսի գլուխը պինդ պահենք, որ կարողանանք պետության գլուխը պահել:

Հայաստանը շատ ծանր վիճակում է հայտնվել: Վտանգները կախված են մեր գլխին: Մղկտացնող կորուստներ, հայրենիքի մի մասից զրկվել, խեղված ճակատագրեր ու անորոշ ապագա ...

Գժվելու է: Բայց պիտի մտածենք, որ պետությունն էլ չկործանենք, իրար չկործանենք:

Պետական ինստիտուտները պիտի չփլուզվեն, դուրս գան պապանձված վիճակից ու ժողովրդին տեր կանգնեն:

Ոչ թե հրաժարականներ ու մանդատներ դնել պիտի տենչանք ԱՅՍ ՊԱՀԻՆ, այլ պահանջենք, որ իրենց մանդատով, իրենց պաշտոնով պարտավորված պարտականությունները կատարեն՝ ԾԱՌԱՅԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ոնց խոստացել են:

Լավ օրերին ծառայելը հեշտ է, վատ օրերին է ջանք պահանջում, սեփական եսից ու սեփական ապագայից բարձր լինել պահանջում, ոչ թե սեփական կարիերային, այլ՝ պետությանը ծառայել պահանջում:

Պահպանենք ու կոլապսից հանենք պետական ինստիտուտները՝ Հայաստանի հանրապետության դրոշ ու զինանշան կրող հիմնասյուները:

Պահանջենք, որ տեր կանգնեն ժողովրդի կողմից տրված մանդատին, ժողովրդի գրպանից ստացած աշխատավարձին:

Ժողովուրդն իրավունք ունի ընկճված լռել կամ բղավել, կաթվածահար ու թևաթափ եղած լինել: Պետության ծառաները չունեն այդ իրավունքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում