ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը

ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Տուբերովա Մարտինայի գլխավորած պատվիրակությանը։

Դավիթ Սահակյանը ներկայացրել է նախարարության գործունեությունը, մանրամասնել յուրաքանչյուր ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ընդգծել հիմնական նպատակը՝ զարգացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում։

Նախարարի տեղակալը նշել է, որ այս ուղղությամբ իրականացվող կարևորագույն աշխատանքներից մեկը ստարտափ-էկոհամակարգն է, որի զարգացման համար կանոնակարգված գործունեություն է իրականացվում՝ սկսած պետական աջակցության ծրագրից, որով հարկային արտոնություն է տրամադրում ոլորտի ստարտափներին, մինչև տեխնոկրթական տարբեր ուղղություններով անցկացվող դասընթացները։ Դավիթ Սահակյանը ընդգծել է, որ պետական աջակցության այս ծրագրից կարող են օգտվել նաև այլ երկրների այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում կգրանցեն նոր կազմակերպություն։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Ազգային վենչուրային հիմնադրամի էությունը, Ինժեներական քաղաք ծրագրի նպատակը, անդրադարձել է թվայնացման, հեռահաղորդակցության, արհեստական բանականության, կիբերանվտանգության ուղղություններով իրականցվող աշխատանքներին, նախանշել այդ ոլորտներում համագործակցության մի շարք հնարավորություններ։

Տուբերովա Մարտինան իր հերթին մանրամասնել է իրենց գործունեության շրջանակները և ունեցած փորձը հատկապես թվայնացման, արհեստական բանականության, կիբերանվտանգության, բլոկ չեյն (block chain) տեխնոլոգիաների գծով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված ուղղություններով համագործակցության հնարավորություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության զարգացման, տեղեկատվության փոխանակման նպատակով ստեղծել աշխատանքային խմբեր։
Հանդիպմանը մասնակցել են նաև Չեխիայի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որոնք ևս մանրամասնել են իրենց գործունեության առանձնահատկությունները, մատնանշել համագործակցության հեռանկարներ։

Անդրադարձ է եղել հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսվող DigiWeek-2021 միջոցառմանը, որի շրջանակներում տեղի կունենա նաև Digitec ցուցահանդեսը և Digi ֆորումը, նշվել է, որ չեխական պատվիրակության մասնակցությունն այդ միջոցառմանը ողջունելի կլինի։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում ՉՀ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին և ՉՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում