Դատավորների հավակնորդները քննություն են հանձնել ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանում այսօր քաղաքացիական գործեր քննող դատավորների հավակնորդները գրավոր քննություն են հանձնել: Վաղն իրենց ուժերը փորձելու են նաև քրեական մասնագիտացում ունեցող դատավորների հավակնորդները, որից հետո մասնակցելու են հարցազրույցի փուլին:
Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ դատարաններն այսօր ծանրաբեռնված են, և եթե մրցույթի մասնակիցներին հաջողվի լավ արդյունք գրանցել, որից հետո արդարադատության ակադեմիայում վերապատրաստվել, ապա ԲԴԽ-ն հենց նրանց կարող է առաջարկել զբաղեցնել դատավորների թափուր հաստիքները:
Մասնակիցները տարբեր բարդության թեստեր են լրացրել: Ստուգող հանձնաժողովը ծածկագրերով է առաջնորդվելու՝ տեղյակ չլինելով, թե ում աշխատանքն է ստուգելու: Մրցույթի ընթացքը դիտարկել են նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ:
Խաչիկ Ղազարյան, Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար - Մինչև սեպտեմբերի 1-ն ունեցել ենք 34 թափուր հաստիքի անհրաժեշտություն: Այսինքն՝ օրենքով սահմանված է ոչ միայն թափուր հաստիքներ, այլև նախորդ երկու տարիների համար ինչքան թափուր են առաջանալու: Հայտ է ներկայացրել թվով 101 անձ, 3 անձի վերաբերյալ մերժվել է մասնակցությունը, այնուհետև հայցի ապահովմամբ թույլատրվել է մասնակցել քննությանը: Այս պահին 49 անձ քաղաքացիական մասնագիտացման հայտով մասնակցում է գրավոր քննություններին և 50 անձ պետք է մասնակցի քրեական մասնագիտացմամբ որակավորման քննությանը:
Կարծիքներ