Կառավարությունը ևս 200 մլն կտրամադրի՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի համար

Կառավարությունը ևս 200 մլն կտրամադրի՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի համար

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերի համար պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները կհամալրվեն․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։ Ըստ այդմ, ծրագրերի շրջանակում կտրամադրվի ևս 200 մլն դրամ՝ 280 քաղաքացու դիմում ֆինանսավորելու նպատակով։

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարությունից հիշեցրել են, որ վերոնշյալ ծրագրերի շրջանակում 2022 թվականի ընթացքում աջակցություն է ստացել 1679 շահառու. ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1,2 մլրդ դրամ։ Միջոցառումներն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։

   Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։

   Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։

   Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

   Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։

Առաջին ծրագիր

   Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկությունները նախարարություն են ներկայացվում նախքան վարկային պայմանագրի կնքումը,

ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,

կատարվող կանխավճարի նվազագույն չափը (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոսն է (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին) և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոսը (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին),

շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա,

ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) անունով։

    Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելացվում է 30 տոկոսով (այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2,6 մլն դրամ)։

Երկրորդ ծրագիր

Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկությունները նախարարություն են ներկայացվում նախքան վարկային պայմանագրի կնքումը,

ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,

կատարվող կանխավճարի նվազագույն չափը (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս է և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս է,

շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա:

Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180,000 դրամը։

Երրորդ ծրագիր

Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղված է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկանքը ներկայացվել է մինչև երեխայի մեկ տարին լրանալը,

ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,

դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:

Երեխայի ծննդյան աջակցության չափը դիմելու օրվա դրությամբ  կազմում է՝

վարկի մնացորդային մայր գումարի 10 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է,

վարկի մնացորդային մայր գումարի 50 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է,

վարկի մնացորդային մայր գումարի 15 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 8 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,

վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 35 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում