ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով․ բաժանորդների հաշվիչների ցուցմունքներից ավելի մեծ թվեր են գրել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն այսօր` հուլիսի 8-ին, տուգանվել է 10 մլն դրամով: Այս մասին տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընկերությանը տուգանել է ԷՄՕԿ կանոնների 37-րդ, 41-րդ եւ 43-րդ կետերի պահանջները խախտելու համար։
Հանձնաժողի ձեւավորած աշխատանքային խումբը 2020 թվականի մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի՝ առանձին սպառողներին առաքած էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլ․ցանցերում իրականացրել է մշտադիտարկում: Իրականացվել է 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են 2020 թվականի մայիսի 1-3-ը ընկերության աշխատակիցների՝ ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցած միեւնույն առեւտրային հաշվիչների ցուցմունքների հետ: Պարզվել է, այդ բլանկներում գրանցված թվով 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքներն ավելի մեծ են, քան 2020 թվականի մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի՝ նույն առեւտրային հաշվիչներից կարդացած ցուցմունքները էլեկտրաէներգիան բազմասակագնային էլեկտրոնային առեւտրային հաշվիչով հաշվառվող 124 սպառողների մոտ, սպառողի նախորդ հաշվարկային ամսվա (ըստ սակագների) ծախսերի գրանցման փոխարեն 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցները գրանցել են այդ հաշվիչների ցուցմունքները:
Մշտադիտարկման արդյունքում հանձնաժողովը պարզել է, որ 35 էլեկտրոնային հաշվիչներ ցույց են տվել սխալ օր, ամիս, տարի եւ ժամ, էլեկտրաէներգիայի հաշվառման եւ վերահսկման ավտոմատացված համակարգում ընդգրկված 48 էլեկտրոնային հաշվիչներ չեն գրանցել նախորդ ամսվա ծախսը, 7 հաշվիչներ ընդհանրապես ներառված չեն եղել ցուցմունքների ֆիքսման բլանկներում, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ եւ հետևաբար առանձին հաշվառման քարտ չունեն, 5 առեւտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն եղել, 5 առեւտրային հաշվառքի սարքի հոսանքի տրանսֆորմատորները կնքված չեն եղել, 125 առեւտրային հաշվիչների վրա բացակայել են սեղմակաշարերի կափարիչները եւ հետեւաբար նաեւ կնիքները: Նմանատիպ խախտումներ են արձանագրվել նաեւ «Դիլիջան» եւ «Սիսիան» էլեկտրական ցանցերում:
Հանձնաժողովն այսօր կայացրած որոշմամբ ՀԷՑ-ին պարտավորեցրել է՝ երկամսյա ժամկետում իրականացնել 142 առեւտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչների տեղադրում եւ կնքում, 176 հաշվիչների սեղմակաշարերի կափարիչների կնքում, 63 հաշվիչների մայիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ցուցմունքների եւ ծախսերի անհամապատասխանությունների ուղղում, ինչպես նաեւ մեկամսյա ժամկետում ներկայացնել արձանագրված խախտումների բացառմանն ուղղված առաջարկություններ:
ՀԷՑ-ն իրավունք ունի այս որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում բողոքարկել հանձնաժողովի որոշումը կամ դիմել վարչական դատարան:
ՀԷՑ-ը պարտավոր է այս որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում որոշման 1-ին կետով նախատեսված գումարը 900005242327 hաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Կարծիքներ