ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարեկան հաշվետվությունը ԱԺ մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հաշվետվությունը նախքան այս հանձնաժողովում քննարկումը քննարկվել է համատեղ հանձնաժողովների համատեղ նիստում:

«2021-ը մենք բնորոշել ենք որպես շատ բարդ մարտահրավերների տարի, քանի որ անհրաժեշտ էր արձագանքել թե՛ կորոնավիրուսի համավարակի, թե՛ 44-օրյա պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքներին, և ապահովել մակրոտնտեսական կայունություն, որը չափազանց կարևոր խնդիր էր: Համարում ենք, որ ընդհանուր առմամբ դա իրականացվել է շատ մեծ հաջողությամբ, որովհետև պետական եկամուտներն ավելացել են թե՛ բացարձակ, թե՛ հարաբերական ցուցանիշներով, ծրագրված ծախսերը կատարվել են ամբողջ ծավալով, չի եղել որևէ ծախս, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով հետաձգած լինենք: Պարտքի կառավարումն էլ դարձել է ավելի հուսալի»,-ասաց Խաչատրյանը:

Տարվա ընթացքում զարգացումները եղել են կանխատեսվածից փաստացիորեն ավելի բարենպաստ. սկզբնապես նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն տարվա փաստացի տնտեսական աճը կազմել է 5.7 տոկոս:

Նախորդ տարում հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 587 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 22.7 տոկոսը, դրանք 2020 թվականի նկատմամբ բարելավված էին 0.3 տոկոսային կետով, 2021-ին այն 147 մլրդ դրամով ավելին էր, քան սկզբնապես պլանավորվել էր: 2021-ին եղել է 2 տրլն 4 մլրդ դրամ փաստացի ծախս, որից ընթացիկ մասը՝ 1 տրլն 786 մլրդ, կապիտալ մասը՝ 218 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերի գծով պարտավորությունները կատարվել են ամբողջությամբ, կատարողականը շատ մոտ է 100 տոկոսին, իսկ կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը եղել է 92.3 տոկոս ճշտված պլանի նկատմամբ: Ըստ նախարարի՝ դա վերջին 4-5 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:

Իսկ ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա Խաչատրյանն ասաց.

«2021 թվականը նպատակ ուներ բարելավել պարտքի հարաբերական ցուցանիշը, որովհետև 2020-ին շատ բարձր աճ էինք արձանագրել, Կառավարության պարտքը 2019-ի նկատմամբ աճել էր 13.4 տոկոսային կետով՝ հասնելով ՀՆԱ-ի 63.5 տոկոսին: Մենք կարողացել ենք 2021-ի ընթացքում այդ ցուցանիշը նվազեցնել, այն կազմել է ՀՆԱ-ի 60.3 տոկոսը: Դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ մի կողմից ծրագրված և փաստացի իրականացված տնտեսական աճն է եղել ավելի բարձր, քան կարող էր գնահատվել սկզբնապես, մյուս կողմից՝ ծախսերը որոշակի իմաստով զսպվել են»:

Պետբյուջեի դեֆիցիտը 2021-ին կազմել է 4.6 տոկոս, որը ՀՆԱ-ի նկատմամբ 0.8 տոկոսային կետով պակաս է, քան դրան նախորդող տարվա ընթացքում:

Քվեարկությամբ՝ տարեկան հաշվետվությունը 5 կողմ ձայնով ստացավ դրական եզրակացություն: Այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում