Մեկնարկում է ReA Fest-ը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը:
Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը, միջազգային հյուրերի անունները:
ReA Fest-ը Երևանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից և ավելի քան 35 հեղինակավոր հյուրի։ Փառատոնին կանցկացվեն անիմացիոն ֆիլմերի շուկա, կոմիքսների ցուցահանդես, վարպետության դասեր, հետաքրքիր հանդիպումներ ոլորտի ականավոր ներկայացուցիչների հետ։ Փառատոնի մրցութային և ոչ մրցութային ծրագրերում ներկայացված կլինեն ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և այլ հեղինակավոր փառատոներում։ Նախատեսվում են նաև պրեմիերաներ։
ReA Fest-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին կարևորել է փառատոնի շրջանակում կազմակերպվող «ՄարԱնի» անիմացիոն շուկայի զարգացման գաղափարը և հիշեցրել, որ այն անցկացվելու է հոկտեմբերի 21-24-ը ՀԲԸՄ-ում. «Շուկայի շրջանակում կլինեն հյուրեր Disney-ից, Ֆրանսիայից, եվրոպական այլ երկրներից։ Բանախոսները ներկայացնելու են VR-ի, AI-ի գաղտնիքներն ու տեխնոլոգիական հմտությունները։ Կարևոր է նաև CoReAct համատեղ արտադրության հարթակը, որն առաջին անգամ նախորդ տարի է անցկացվել և միավորել է 15 պրոդյուսերի և 12 նախագիծ։ Այս տարի հարթակում 17 նախագիծ է ներկայացված, մասնակցելու է 15 միջազգային պրոդյուսեր։ Գնահատման խմբում առաջավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ են ընդգրկված։ Ներկայացուցիչ կլինի «Եվրիմաժից», «Անսիի» փառատոնից, Frans TV-ից»։
Փառատոնի հիմնադիր տնօրենը կարևորել է նաև ReA Comics նախաձեռնությունը, որի շրջանակում ներկայացվում են սփյուռքում և Հայաստանում ստեղծագործող արվեստագետների աշխատանքներ։ 16-րդ փառատոնին Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվելու է կոմիքսների ցուցադրություն։ Նախատեսվում է «Սասունցի Դավիթ» պատկերապատման գրքի շնորհանդեսը, ինչպես նաև այս տարի ներկայացված 14 նախագծի ցուցադրություն։ Մրցույթի հաղթողներին կտրվեն մրցանակներ։ ReA փառատոնը կսկսի նաև ReA Comics-ի մատենաշարը և կներկայացնի հայերեն թարգմանված երկու գիրք. մեկը գերմանական, մյուսը՝ ֆրանսիական՝ նվիրված Միսաք Մանուշյանին։ Շնորհանդեսները կազմակերպվելու են փառատոնի ընթացքում։
Նշենք, որ փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, աջակցում են նաև «Հայաստան» համահայկական» հիմնադրամը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Երևանի Գյոթեի անվան ինստիտուտ, Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը, Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։
Կինոյի տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցել են «ՌեԱ» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տուղսը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի ու տուրիզմի վարչության պետի տեղակալի ժ/պ Գևորգ Սահակյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:
Կարծիքներ