Կորոնավիրուսի 123 դեպք է հաստատվել վերջին 14 օրում. Ռոմելա Աբովյան

Կորոնավիրուսի 123 դեպք է հաստատվել վերջին 14 օրում. Ռոմելա Աբովյան

Հանրապետությունում վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ դրան նախորդած շաբաթվա համեմատ, սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության դեպքերն աճել են 1․1 անգամ։

«Հիվանդացության աճը բնորոշ է այս սեզոնին։ Ազդեցությունն են ունենում ամանորյա տոներին շփումների ակտիվությունը, ախտանշաններ ունենալու դեպքում անձնական հիգիենայի կանոնները չպահպանելը։ Կանխատեսվում է, որ հիվանդացության այս ակտիվությունը կպահպանվի, քանի որ դեռ տոնական շփումները շարունակվում են, դրանից բացի դպրոցներում, ուսումնական հաստատություններում շուտով կսկսվեն դասերը»,-ասաց Ռոմելլա Աբովյանը։

Հունվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված հանրապետության հիվանդանոցներ հոսպիտալացված է 582 բուժառու, որից 95 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները, թոքաբորբով հոսպիտալացված է 237 բուժառու, որից 62 տոկոսը  0-18 տարեկաններն են։ Վերականդենացման բաժանմունքում հոսպիտալացված է 78 բուժառու, որից 95 տոկոսը 0-18 տարեկաններն են։ Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ վերլուծության համաձայն, այս օրերին առողջության պահպանման առաջնային օղակ դիմելիությունը, շտապ օգնության կանչերի թիվն ավելացել է։  Դրան զուգահեռ նվազել է հոսպիտալացումների թիվը։

«Հայաստանում ներդրված է գրիպի համաճարակաբանական իրավիճակի դիտարկման համակարգ։ Համաձայն տվյալների՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ունենք գրիպի Ա, Բ տեսակները, դրանց ենթատեսակները, սուր շնչառական տարբեր վարակներ։ Ախտանշանները տարբեր են՝ կախված շնչառական վարակի տեսակից»,-ասաց Ռոմելլա Աբովյանը։

Ռոմելլա Աբովյանը հորդորում է պատվաստվել, հատկապես թիրախային խմբերին՝ 65-ից բարձր տարիքի անձանց, ուղեկցող հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, բուժաշխատողներին, հղիներին, 0-18 տարեկան երեխաներին։ Առողջության պահպանման առաջնային օղակում հասանելի է քառավալենտ պատվաստանյութ։ Անվճար կարող են պատվաստվել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիները։

Մասնագետը հորդորում է պահպանել նախազգուշական կանոնները, ախտանշան ունենալու դեպքում կրել դիմակներ, սահմանափակել շփումները։ Առջևում ուսումնական պրոցեսի մեկնարկն է, խորհուրդ է տրվում ախտանշաններ ունենալու դեպքում երեխաներին չուղարկել ուսումնական հաստատություններ։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում