Կուսակցությունների հաշվետվողականության կանոնակարգումը պատվիրակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Կուսակցությունների հաշվետվողականության կանոնակարգումը պատվիրակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Սկսած 2022 թվականից՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններն անհրաժեշտ է ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և ոչ թե  Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից:

«Հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը նախատեսվում է հետաձգել երեք ամսով, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխության նախագիծը հասանելի է հետևյալ հղումով:

Տարեկան հաշվետվությունների՝ պարտադիր աուդիտի իրականացման համար Հանձնաժողովը մշակել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որն առաջիկայում կտրամադրվի կուսակցություններին նրանց դիտողություններն ու առաջարկությունները հավաքագրելու համար:

Առաջարկում ենք հղումով ներկայացված կուսակցություններին հետագա համագործակցության նպատակով կապ հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետևյալ հեռախոսահամարով՝ 012 777 730 կամ [email protected] էլեկտրոնային փոստով ուղարկել կուսակցությունների կոնտակտային հասցեները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե)»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Կուսակցությունների մասին» օրենքի 28.1 հոդվածի համաձայն՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը կուսակցության ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցրած անձինք ներկայացնում են 2021 թվականի հաշվետու ժամանակահատվածի տարեկան հայտարարագիր: 2022 թվականի հունվարի 1-ից կուսակցության ղեկավար մարմնում պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում այդ անձինք ներկայացնում են համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագրեր:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ առաջիկայում նախատեսվում է կուսակցությունների շրջանում իրականացնել իրազեկման ծրագրեր և պատրաստակամություն է հայտնում այս ուղղությամբ ամրապնդելու համագործակցությունը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում