Ծովից դուրս են բերվում կործանված Ան-26 օդանավի ուղևորների մարմինները
Սկսվել է Կամչատկայում կործանված Ան-26 ինքնաթիռի ուղևորների աճյունների դուրսբերումը ծովից: Վթարի ժամանակ օդանավում եղել է 28 մարդ՝ անձնակազմի 6 անդամն ու 22 ուղևոր, այդ թվում՝ 2 երեխա: Բոլորը զոհվել են, հայտնում է Interfax-ը:
Վերջին տվյալների համաձայն՝ փրկարարները հայտնաբերել են 19 մահացածի մարմին, որոնք կուղարկվեն փորձաքննության և նույնականացման:
Ենթադրվում է, որ ինքնաթիռը բախվել է ափամերձ ժայռին, և բեկորների մի մասն ընկել է ծովը, մյուս մասերը հայտնաբերել են Պալանա բնակավայրի մոտակայքում, թռիչքուղուց մոտ 4-5 կիլոմետր հեռու: Իսկ բախման պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել են վատ եղանակը և ցածր տեսանելիությունը:
Ռուսաստանի քննչական կոմիտեն ինքնաթիռի կործանման հավանական վարկածներ է համարել՝ անբարենպաստ եղանակային պայմանները, տեխնիկական անսարքությունն ու օդաչուների սխալը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է օգնել Կամչատկայում Ան -26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին:
Կարծիքներ