Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել. հրդեհվել է ավելի քան 1180 հեկտար տարածք
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կանոնավոր կերպով զեկույցներ է ստանում Կալիֆոռնիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ուր հրդեհները արդեն իսկ ծածկել են ավելի քան 1,180 հեկտար տարածք, ավերվել են տներ, տարհանվել են ավելի քան 30 հազար բնակիչներ:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ պատրաստ է տրամադրել «անհրաժեշտ ցանկացած դաշնային օգնություն»։
Այս մասին հայտնել է «Ամերիկայի ձայն»-ը:
Փոխնախագահ Քամալա Հարիսի բառերով՝ աղոթում է «տարհանված կալիֆոռնացիների համար»:
«Նախագահ Բայդենն ու ես երաշխավորում ենք, որ ոչ մի համայնք միայնակ չի դիմակայի այս ճգնաժամին: Արդեն մոբիլիզացրել ենք դաշնային ռեսուրսները՝ աջակցելու հրդեհների դեմ պայքարին։ FEMA-ն՝ (Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը) շտապ կարգով հաստատել է անտառային հրդեհների դեմ պայքարը աջակցելուն ուղղված դրամաշնորհը, որը կօգնի փոխհատուցել հրդեհաշիջման ծախսերը»,- ասված է Հարիսի հայտարարությունում:
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։
Հրդեհները բռնկվել էին, երբ սեզոնային՝ Սանտա Անա քամիները հայտնվել էին նահանգում։ Քամիները, փաստորեն, նպաստել են հրդեհների տարածմանը, և չի բացառվում, որ պոռթկումները կարող են հասնել ժամում 160 կիլոմտերի:
«Սա շատ, շատ մտահոգիչ է։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, միայն սկիզբն է, քանի որ եղանակային պայմանները շատ ավելի վատանալու են»,- ասել է օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Դենիել Սուեյնը:
Լոս Անջելեսը պատած ծխածածկույթի պատճառով քաղաքում ու հարակից շրջաններում միջոցառումները չեղարկվել են, այդ թվում՝ Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ նոր՝ «Անկասելի» ֆիլմի պրեմիերան։
Միացյալ Նահանգների արևմտյան նահանգներում հրդեհները նորություն չեն, սակայն փորձագետներն ասում են, որ մարդածին պատճառներով կլիմայի փոփոխությունը հանգեցրել է նպաստող հանգամանքների ավելացմանը:
Հարավային Կալիֆոռնիայում մոտ երկու տասնամյակ տևած երաշտին հաջորդել էին երկու բացառիկ խոնավ տարիները, ինչի արդյունքում տարածքը ծածկվել է բուսականությամբ, որն էլ նպաստող հանգամանք է հրդեհների բռնկման ու տարածման համար:
Նահանգապետ Նյուսոմի խոսքով՝ հրդեհների դեմ պայքարին մասնակցում են ավելի քան 1,400 հրշեջներ։ Սպասվում է, որ նրանց միանալու են մի քանի հարյուրը:
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ վիրավորների թվում է մեկ հրշեջ:
Հրդեհներից մեկը՝ Eaton Fire-ը, բռնկվել է Փասադենայի մոտ գտնվող Ալտադենա բնակավայրից մոտ 50 կիլոմետր հեռավարության վրա և մի քանի ժամում տարածվել է շուրջ 400 հեկտար տարածքում։
Մյուս հրդեհը՝ Hurst Fire, սկիզբ է առել Սիլմարում՝ Սան Ֆերնանդո հովտում, որը Լոս Անջելեսից հյուսիս-արևմուտք է։ Այն ստիպել է տարհանել մոտակա բնակիչներին և ծածկել է ավելի քան 200 հեկտար տարածք։
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում հոսանքազրկվել է ավելի քան 220 հազար բնակարան և ձեռնարկություն: Ի լրումն, քաղաքապետ Քարեն Բասը տեղեկացրել է, որ փոթորիկ է սպասվում:
Լոս Անջելեսի հրշեջ ծառայության հաղորդագրության համաձայն՝ հրդեհային ծայրահեղ վիճակը շարունակում է խոչընդոտել հրդեհը մարելու ջանքերը , և սպասվում է, որ ժամում մինչև 95 կիլոմետրի հասնող քամու պոռթկումները կշարունակվեն մինչ հինգշաբթի:
Կարծիքներ