Ինչ կապ ունեն Գագիկ Ծառուկյանի դատական գործն ու սպասվող հանրահավաքը. ԲՀԿ-ն մանիպուլացնում է
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը երեկ հետաձգվեց: Սա բուռն քննարկումների առիթ դարձավ, ընդդիմադիր թևը առաջ քաշեց Ծառուկյանին քաղաքական հալածանքի ենթարկելու մասին թեզը, պնդելով, որ իշխանությունը վախեցել է հոկտեմբերի 8-ին սպասվող հանրահավաքից և այս կերպ փորձում է ճնշում գործադրել ԲՀԿ առաջնորդի վրա:
Հատկանշական է, որ բհկ-ականները պնդում են, որ դատական նիստը նշանակվել է հանրահավաքը տապալելու համար, մինչդեռ սեպտեմբերի 17-ին եւ 18-ին դատարանը ծանուցումներ է ուղարկել Գ. Ծառուկյանին, իսկ հանրահավաքի մասին հաղորդագրությունը ընդդիմադիր կուսակցությունները հայտնել են սեպտեմբերի 22-ին:
Այսօր Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում նշում են, որ Գագիկ Ծառուկյանը եւ նրա պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված չեն եղել դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին, ուստի հարգելի պատճառներով չեն ներկայացել դրան։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Չնայած որ նույն օրը ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, թե իբրև Գագիկ Ծառուկյանը եւ նրա պաշտպանները ծանուցված են եղել դատական նիստի տեղի եւ ժամանակի վերաբերյալ, սակայն պետք է ընդգծել, որ նշված հաղորդագրութամբ ԲԴԽ-ն իրավացիորեն խուսափել է այդ ենթադրյալ ծանուցումները որպես պատշաճ գնահատելուց։ Ընդ որում, հարկ ենք համարում հատուկ նշել, որ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը: Քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում է ազատության մեջ, ուստի վերը նշվածն ուղիղ նշանակում է, որ եթե նա եւ պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված լինեին դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին, ապա դա խոչընդոտ չէր առանց վերջիններիս դատական նիստը շարունակելու համար»:
Նշենք, որ ավելի վաղ, Դատական իշխանության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացրել էր. «Նիստի հետաձգման պատճառը մեղադրյալ Գ. Ծառուկյանի եւ նրա պաշտպանների չներկայանալն է հանդիսացել, չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 17-ին եւ 18-ին դատարանը ծանուցումներ է ուղարկել Գ. Ծառուկյանին եւ նրա փաստաբաններին, էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկել պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, բացի այդ հեռախոսային կապի միջոցող հավելյալ տեղեկացրել է նիստի օրի, ժամի մասին, ինչպես նաև viber ծրագրի միջոցով փոխանցել տեղեկատվությունը, որով ուղարկված տեղեկատվության ստանալը ծրագիրը հաստատել է: Սեպտեմբերի 22-ին դատարանի աշխատակազմը, փոստաբանի հետ հեռախոսազրուցի ընթացքում, հիշեցրել է այսօրվա նիստի մասին»:
Կարծիքներ