Իրանի նախագահի նախկին թեկնածու Ղալիբաֆը հայտարարել է երկրորդ փուլում Սաիդ Ջալիլիին աջակցելու մասին

Իրանի նախագահի նախկին թեկնածու Ղալիբաֆը հայտարարել է երկրորդ փուլում Սաիդ Ջալիլիին աջակցելու մասին

Իրանի խորհրդարանի խոսնակ, երկրի նախագահի նախկին թեկնածու Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ աջակցում է Սաիդ Ջալիլիին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ փոխանցելով Ղալիբաֆի խոսքերը։

«Եվ խնդրում եմ բոլոր հեղափոխական ուժերին և իմ կողմնակիցներին օգնել, որպեսզի շարժումը, որը դարձել է մեր տնտեսական և քաղաքական խնդիրների զգալի մասի պատճառը, չվերադառնա իշխանության»,-ասել է Ղալիբաֆը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հարգում է ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին, հետևաբար հուլիսի 5-ին հանրապետությունում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանը հավաքել է ավելի քան 10,4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից, պահպանողական թևի թեկնածու Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 9,4 մլն: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է ավելի քան 24,4 մլն քվեաթերթիկ: 

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում