Հայաստանում ծանր հանցագործության դեպքերը նվազել են 9․2 տոկոսով
ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են 2020թ.-ին հանրապետությունում հանցավորության շարժընթացը, դրա դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքը և դատախազության գործունեության արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարները:
2020թ.-ի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք՝ նախորդող տարվա 26․850-ի դիմաց: Դեպքերը նվազել են 382-ով կամ 1.4%-ով, Երևան քաղաքում՝ 1069-ով կամ 7.1 %-ով:
Առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 4․2%-ով, բացահայտումը կազմել է 54,9%: Սակայն ծանր հանցագործության դեպքերը նվազել են 9․2 %-ով: Վերջինս պայմանավորված է հիմնականում բնակարանային գողությունների դեպքերի կտրուկ՝ 25.8%-ով նվազմամբ, ինչի վրա ազդել են ինչպես 2020թ.-ի հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով կիրառված սահմանափակումներն ու կանոնները, այնպես էլ նախորդող տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ այս ոլորտում կատարված կանխարգելիչ մի շարք կարևոր միջոցառումները:
2020թ.-ին հանրապետությունում գրանցվել է սպանության 50 դեպք՝ 2019թ.-ի 47-ի դիմաց, սպանության փորձի 39 դեպք՝ 30-ի փոխարեն:
7.9%-ով նվազում է արձանագրվել առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքերի շարժընթացում: Արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 633 դեպք՝ նախորդող տարվա 613-ի դիմաց: Այսինքն նման դեպքերն ավելացել են 20-ով կամ 3.3%-ով: ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված՝ ՀՀ-ում վերջին 10 տարվա միտումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնասպանություն կատարած անձանց կազմում բացարձակ գերակշիռ մաս են կազմում գործազուրկները, ապա՝ թոշակառուները:
Զգալիորեն՝ 10.7%-ով նվազել են ՃԵԿ խախտմամբ կատարված հանցագործությունների դեպքերը, որոնց բացահայտումը կազմել է 82.1%: Սակայն դրա հետ մեկտեղ, մահվան ելքով դեպքերի քանակն աճել է 1.3%-ով:
Էական աճ է արձանագրվել ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման առումով: Եթե 2019թ.-ին այդ հանցակազմով հարուցվել է 282 քրեական գործ, ապա 2020թ.-ին՝ 369-ը: Այսինքն՝ աճը կազմել է 31%: Վերջինս պայմանավորված է նման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրավապահ և հսկողություն իրականցնող այլ իրավասու մարմինների հետևողականությամբ:
Զգալիորեն աճել են ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և ապօրինի շրջանառության այլ դեպքերը: Եթե 2019թ.-ին արձանագրվել է նման բնույթի 586 դեպք, ապա 2020թ.-ի ընթացքում՝ 641, այսինքն՝ դեպքերը աճել են 9.4%-ով: Վերջինիս նպաստել է 2020թ.-ի Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում և դրանից հետո դեպի ՀՀ ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման բազմաթիվ դեպքերի հայտնաբերումը:
Նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 1819 նյութից 1241-ով հարուցվել են քրեական գործեր: Կոռուպցիոն 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Նախնական քննության և դատական քննության ընթացքում միայն ավարտված կոռուպցիոն գործերով բացահայտվել է պատճառված ընդհանուր 7.8 մլրդ ՀՀ դրամի վնաս, վերականգնվել 4.6մլրդ ՀՀ դրամի վնաս, որը մոտ 2.5 մլրդ դրամով կամ շուրջ 223%-ով ավելի է 2019թ.-ի համեմատ:
Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով, ուսումնասիրություններով, հարուցված հայցերով, քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով, նաև ներգործության միջոցներով՝ բացահայտված պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 21,4 մլրդ. ՀՀ դրամ, վերականգնվել է 1.8 մլրդ ՀՀ դրամի վնաս:
ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով հանցավորության վիճակին, մտահոգություն է հայտնել, մասնավորապես, սպանությունների և սպանության փորձերի դեպքերի աճի կապակցությամբ՝ հանձնարարելով դատախազական հսկողության գործիքակազմի կիրառմամբ ուշադրություն դարձել հատկապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով կանխարգելիչ գործողությունների ձեռնարկմանը, նախկինում կատարված հանցագործության դեպքերի հնարավոր շարունակության դրսևորումները բացահայտմանը:
Արթուր Դավթյանն ընդգծել է բնակարանային գողությունների դեպքերի նվազման միտումներում դատախազության դերակատարությունը: Դրա օրինակով նա հանձնարարել է դատախազական ներգործության միջոցների կիարռմամբ կտրուկ մեծացնել քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետութունը, բազմապատկել տաք հետքերով հացնագործությունների բացահայտմանն ուղղված ցուցումներ և հանձնարարություններ տալու, հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու և դրացնով բարձրացված խնդիրների լուծման հարցում հետևողականություն ցուցաբերելու դատախազական ներգործության մեխանիզմների գործարկումը:
Գլխավոր դատախազը նաև անդրադարձել է ձերբակալության պրակտիկային՝ առանձնացնելով ձերբակալությունների արձանագրություններում դրա հիմքերը որոշ դեպքերում հստակ չներկայացնելու խնդիրը, ինչի արդյունքում երբեմն հնարավոր չի լինում դատավորների մոտ դրանց իրավաչափության համոզմունք ձևավորել: Արթուր Դավթյանը միաժամանակ հանձնարարել է ընդգծված հետևողականություն դրսևորել նաև դատարանների կողմից ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ինչպես նաև կալանավորման միջնորդությունները մերժելու դատարանների որոշումների ուսումնասիրությանը: Դրանց բացարձակ անհիմն և ապօրինի լինելու իրողությունը վեր հանելու դեպքում, ըստ նրա, անհրաժեշտ է վերադասության կարգով բողոքարկելուց բացի քննարկել այդ որոշումները կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը և անհրաժեշտությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ նման որոշումների արդյունքում երբեմն հանցագործությունների բացահայտման ուղությամբ քրեական հետապնդման մարմինների կատարած աշխատանքը «ջուրն է լցվում»:
Կոլեգիայի նիստի ավարտին Արթուր Դավթյանը, ուշադրություն հրավիրելով Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակին, նշել է, որ ներքին կայունության և անվտանգության խաթարման ցանկացած հանցավոր դրսևորում, անկախ դրանք կատարողների գործոնից, պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի, իսկ դատախազները և իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է առաջնորդվեն քաղաքական զսպվածության և չեզոքության սկզբունքով, գործեն բացառապես պետականության շահերով և օրենքի հիման վրա:
Կարծիքներ