Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել՝ Բաթումում շենքի փլուզման հետևանքով մահացածների հիշատակին

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել՝ Բաթումում շենքի փլուզման հետևանքով մահացածների հիշատակին

Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ Բաթումում բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:  

«Խոր ցավ եմ հայտնում՝ Բաթումում տեղի ունեցած ողբերգության հետ կապված և ցավակցում եմ զոհերի ընտանիքի անդամներին և մտերիմներին: Նրանց հետ միասին սգում է ողջ Վրաստանը: Իմ որոշմամբ՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 11-ը սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ զոհերի»,- Ղարիբաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Վերջինս հայտնել է, որ պետությունն օգնություն կտրամադրի տուժածներին: Կատարվածի  բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Հիշեցնենք, որ Բաթումում նախօրեին փլուզվել է հինգհարկանի շենքի մի մասը: Վերջին տվյալներով՝ վեց մարդ մահացել է: Քննության վարկածով՝ կատարվածի պատճառն առաջին հարկի բնակարանում իրականացվող վերանորոգման աշխատանքներն են եղել, որոնք իրականացվել են անվտանգության կանոնների խախտմամբ: Հայտնի է, որ ձերբակալվել են տան սեփականատերն ու երկու աշխատակից: Նրանց 2-10 տարվա ազատազրկում է սպառնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում