Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Ազգային ժողովը մարտի 1-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:

Նախաձեռնության նպատակն է Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման հիմքով վարձատրության նոր համակարգի ներդնումը:

Զեկուցողի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո փաթեթը լրամշակվել է` հաշվի առնելով պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորների կողմից հնչեցված և Կառավարության համար ընդունելի առաջարկները:

«Հստակեցվել է մեկ տարվա մեջ կրկնակի ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելուց հետո կադրերի տրամադրության տակ թողնելու ընթացքում վարձատրությանը վերաբերող կարգավորումը: Վերանայվել է ատեստավորման ենթակա պաշտոնների և գործառույթների սահմանված շրաջանակը` ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն նախատեսելով Ազգային անվտանգության մարմինների բոլոր ծառայողների համար: Լրամշակվել են հավելավճարների վճարումը դադարեցնելու հիմքերը, ինչպես նաև անցումային դրույթները»,- ընդգծել է Անդրանիկ Սիմոնյանը:

Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ:

Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունները: Նպատակը հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է:

Առաջին ընթերցումից հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել:

Առաջարկներ է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը. դրանք չեն ներառվել նախագծում, սակայն դրանց վերաբերյալ բովանդակային քննարկում անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Գլխադասային` աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը:

Կառավարությունն առաջարկում է լրացումներ «Ավիացիայի մասին» օրենքում: Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Նախաձեռնությունը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են մեր երկրում ստանալ օդանավ շահագործողի վկայական: Այդ կազմակերպությունների կառավարման վրա լիազորություն ունեցող անձանց վատ հեղինակություն ունենալու դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կարող է մերժվել:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկված հարցերն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում