Նորանշանակ դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահին
ԱԳՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային (Sergio Mattarella):
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան առաքելության իրականացման ընթացքում:
Նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Համբարձումյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-իտալական երկկողմ բարեկամական հարաբերությունները՝ միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության իրականացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Համբարձումյանը նախագահ Սերջո Մատարելլային փոխանցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույնները՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Իտալիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ:
Զրույցի ընթացքում դեսպանն Իտալիայի նախագահին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարության և դրա ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։
Երկուստեք կարևորվել է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու և առկա քաղաքական գերազանց հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը։
Դեսպան Համբարձումյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:
Կարծիքներ