Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե 60 հայ զինծառայող Սև լճի հատվածում շրջափակման մեջ է ընկել, ապատեղեկատվություն է. ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե 60 հայ զինծառայող Սեւ լճի հատվածում շրջափակման մեջ է հայտնվել, ապատեղեկատվություն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։
Այս ապատեղեկատվությանը, ավելի ուշ, միացավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է։ Ավելին՝ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- նշված է հաղորդագրությունում։
Կարծիքներ