Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել միջազգային մի շարք գործընկերների հետ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույցներ է ունեցել իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական քաղաքականության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթոնի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում վերջին զարգացումները։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն առավել քան ի ցույց է դնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ քաղաքականությունը։
Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության համատեքստում՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով և ուղիղ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։
Կարծիքներ