«Աշխատանքների կազմակերպմանը պետք է նայենք ուսուցչի դիրքից». խորհրդակցություն ԿԳՄՍ նախարարությունում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացվել է աշխատանքային քննարկում, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Գնահատման և Թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, ոլորտային կառույցների այլ ներկայացուցիչներ:
Նախարարն ընդգծել է, որ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք քննարկելու և անհրաժեշտաբար որոշ ընթացակարգերում փոփոխություններ իրականացնելու նպատակով պետք է դիտարկվեն և առաջարկվեն նոր լուծումներ՝ ուսուցչի աշխատանքը հավելյալ չծանրաբեռնելու նպատակով:
Նոր չափորոշչի ներդրմամբ մեծ տեղ է տրվում թվայնացման գործընթացին, և այս համատեքստում պետք է հետ նայելով հասկանալ, թե այդ փոփոխությունների արդյունքում ինչ պահանջներ կան, որոնք այլևս արդիական չեն ու կարող են կրճատվել:
«Բնականաբար, մեր՝ տարիներով գործող ընթացակարգերը հարմարեցված են եղել թղթային փաստաթղթաշրջանառությանը, և այս պահին մեր օրենսդրության մեջ կարող են լինել որոշ կետեր, որոնց վերաբերյալ էլեկտրոնային կարգավորումների հնարավորությունն արդեն ունենք, բայց զուգահեռաբար չի հանվել թղթային տարբերակով տվյալ փաստաթղթի առկայության պահանջը: Խոսքն ավելի շատ վերաբերում է դպրոցի ներքին փաստաթղթաշրջանառությանը, որով դպրոցները, որպես կանոն, ծանրաբեռնվում են: Պետք է փորձենք հասկանալ, թե որտեղ կարող ենք ներկայացվող պահանջները վերանայել և թղթաբանության կրճատումներ անել՝ փոխարինելով թղթայինը էլեկտրոնայինով:
Այս աշխատանքների կազմակերպմանը պետք է նայենք ուսուցչի դիրքից, որն այդ բոլոր գործառույթները պետք է իրականացնի: Վերախմբավորելով կամ միավորելով որոշ գործողություններ՝ գործառույթների կազմակերպման նոր հնարավորություններ պետք է առաջարկենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ որոշ հարցեր ուսուցիչների կողմից բարձրաձայնվում են բավարար իրազեկվածության պակասի արդյունքում, որի ուղղությամբ ևս համակարգված աշխատանք պետք է տանել՝ դպրոցներին ուղարկելով շրջաբերական գրություններ նոր կարգավորումների վերաբերյալ:
Ծավալված քննարկումների արդյունքում ներկայացվել են մասնագիտական առաջարկություններ, որոնք համարվել են ընդունելի: Մասնավորապես, տեղեկատվական հարթակում կտեղադրվեն ԿԶՆԱԿ-ի կողմից մշակված թեմատիկ պլանների նմուշները։ Ընդ որում, թեմատիկ պլաններից կհանվի դասի պլանների հատվածը, որպեսզի ուսուցչից դրա համար հավելյալ աշխատանք չպահանջվի։ Ուսուցիչը, մուտք գործելով էլեկտրոնային մատյան, կունենա հնարավորություն ինքնաշխատ ընտրելու և ներբեռնելու գոյություն ունեցող թեմատիկ պլանը՝ դրա վրա ըստ անհրաժեշտության կատարելով իր կողմից նախատեսվող փոփոխությունները, օրինակ՝ ժամաքանակի փոփոխություն կատարել և այլն: Ուսուցիչը կկարողանա ընտրելու նաև սեփական թեմատիկ պլանը ստեղծելու տարբերակը՝ շարադրելով տվյալ առարկայի թեմատիկ պլանի իր տարբերակը, ինչը համակարգում կարձանագրվի։ Նախատեսվում է հանել դպրոցի ղեկավարության կողմից թեմատիկ պլանների թղթային տարբերակի հաստատման պահանջը՝ ստորագրության միջոցով, փոխարենը հաստատումները կարվեն էլեկտրոնային հարթակի համապատասխան կարգավորմամբ։
Ինչ վերաբերում է դասի պլաններին՝ եթե էլեկտրոնային հարթակում լրացվեն անհրաժեշտ տվյալները, ապա առանձին գրավոր դասի պլան ունենալու պահանջը չի գործի։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ ԿՏԱԿ-ին, հանձնարարվել է էլեկտրոնային մատյանի լրացման կարգավորումներում կատարել փոփոխություններ և դրանց մշակման ու գործարկման ընթացքում կապի մեջ լինել ԿԶՆԱԿ-ի և դպրոցների հետ՝ տեխնիկական անհրաժեշտ լրամշակումները արդյունավետ իրականացնելու նպատակով։
Քննարկման ընթացքում կարևորվել է բարձրացված հարցերի ու հնարավոր լուծումների վերաբերյալ լրացուցիչ քննարկումների անցկացումը նաև ուսուցիչների ու դպրոցների մասնակցությամբ՝ նրանց կարծիքները հաշվի առնելով:
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչությանը հանձնարարվել է ԿԶՆԱԿ-ի հետ համագործակցությամբ առաջիկայում շրջաբերական գրություն ուղարկել դպրոցներին՝ ներկայացնելով հստակ պարզաբանումներ էլեկտրոնային մատյանների վարման առնչությամբ ուսուցչի աշխատանքի և այլ հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:
Կարծիքներ