Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն են ուղարկել ԱՄՆ-ն, Իտալիան ու Շվեյցարիան

Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն են ուղարկել ԱՄՆ-ն, Իտալիան ու Շվեյցարիան

Հայաստան նախորդ տարի ուղարկվել է 35 մլն 649.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկած երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հաջորդում են Իտալիան ու Շվեյցարիան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

2023-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 58.8 տոկոսով նվազել է 2022-ի նկատմամբ:

Նախորդ տարի ուղարկված մարդասիրական օգնության առյուծի բաժինը՝ 25 մլն 228.8  հազար դոլարը, կազմում է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը: Ծավալով երկրորդ տեղում են մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները՝ 2 մլն 234.9 հազար դոլարի: Երրորդը մանածագործական իրերն են՝ 2 մլն  131.8 հազար դոլարի: Հայաստանը ստացել է նաև տարբեր արդյունաբերական ապրանքներ, սարքեր ու ապարատներ և այլ ապրանքներ:

Ինչ վերաբերում է երկրներին, ապա 2023-ին Հայաստանն ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն է ստացել  Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 8 մլն  116 հազար դոլարի, որը կազմում է ստացված ամբողջ օգնության 22.8 տոկոսը, սակայն 2022-ի նկատմամբ  ծավալը նվազել է 69.5 տոկոսով: Ուղարկած մարդասիրական օգնության ծավալներով երկրորդ տեղում է Իտալիան՝ 3 մլն 873.7 հազար դոլարով, 2022-ի նկատմամբ այն 4 անգամ ավելի շատ է: Երրորդ տեղում Շվեյցարիան է՝ 2 մլն 854.6 հազար դոլար ծավալով, 2022-ի նկատմամբ այն նվազել է 32.7 տոկոսով:

Հաջորդում են Գերմանիան՝ 2 մլն 144.3 հազար դոլար ծավալով, ապա Չինաստանը՝ 1 մլն 882.3 հազար դոլարով, Ֆրանսիան՝ 1 մլն 343.9 հազար դոլարով:

Ընդհանուր առմամբ  ուղարկված մարդասիրական օգնության 46.8 տոկոսը բաժին է ընկել ԵՄ երկրներին, ԱՊՀ երկրներին՝ ընդամենը 0.1 տոկոսը, իսկ այլ երկրներին՝ 63.1 տոկոսը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում