Մի հրաշալի ուսուցչի հետ եմ ծանոթացել և ափսոսում եմ էն ժամանակը, որ չեմ ճանաչել իրեն ու մեր մյուս հրաշալի ուսուցիչներին

Մի հրաշալի ուսուցչի հետ եմ ծանոթացել և ափսոսում եմ էն ժամանակը, որ չեմ ճանաչել իրեն ու մեր մյուս հրաշալի ուսուցիչներին

Մեկ-մեկ հենց էն օրերին, երբ ոչինչ չի վկայում, որ գոնե մի լուսավոր կետ կլինի, մեկ էլ հայտնվում են մարդիկ, որ իրենց մասին շատ սովորական կարծիք ունեն, մի փոքր ամոթխած ու քաշված, բայց հենց իրենց շնորհիվ է, որ էդ օրերը ապրվում են։ Այսօր մի հրաշալի ուսուցչի հետ եմ ծանոթացել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Գրառման շարունակությունը՝ ստոև.

«Տեխնոլոգիայի ուսուցիչ է։ Արդեն երկար տարիներ։

Համակարգիչների տուփերից արկղեր են սարքել, էնպես ձևավորել, որ եթե չասեն, գլխի չես ընկնի, որ համակարգչի տուփեր են ու դրել ամեն դասարանում՝ թղթի թափոնները հավաքելու։ Աշակերտները մեծ ոգևորությամբ իրենց սևագրերը, օգտագործած այլ թղթերը հավաքում են, ուսումնական տարվա վերջին հանձնում ու ստացված գումարն օգտագործում տեխնոլոգիայի դասին անհրաժեշտ նյութեր առնելու համար։

Տարրական դասարանների միջանցքում տասը տարբեր թռչնաբույն են պատրաստել, պատերին ամրացրել՝ ամեն մեկը համարակալած։ Համ էլ թվերն են սովորում։

Դպրոցի միջանցքում դրված բույսերի համար ուսուցողական ցանկապատ-օրացույց են սարքել, որ շաբաթվա օրերը, եղանակները, ամեն սեզոնին բույսերը ջրելու չափը տեսնեն։

Թղթից սափորներ են սարքում, որ պարի ժամանակ օգտագործեն, դպրոցական միջոցառումներին էլ ամեն անգամ բեմը յուրովի են ձևավորում։Ասում է՝ ամեն անգամ սպասում են, թե էս անգամ ինչ կմտածենք, ինչպես կզարմացնենք։ Ցուրտ տարիներին դպրոցի բակում տոնածառը ձնից ու սառույցից են անում, ավելի տաք ժամանակ՝ինչից ասես։

Ու զարմացնում են, որովհետև ձեռքի տակ եղած ամեն ինչ օգտագործում են, ամեն ինչից մի օգտակար ու գեղեցիկ բան են ստանում ու էդ ամենը իբրև հենց ուսումնական պրոցես։

Պատկերներ է սարքել ու դրանցով երեխաներին հեշտ ու տեսանելի բացատրում է տարածաչափական պատկերները։ Գծագրություն, ֆիզիկա, նկարչություն. էս ամենը փոքր մասն է նրա, ինչ փոխանցում է երեխաներին։

Բայց փոխանցածը միայն գիտելիք չի։ Արժեք է։ Մի քանի դրվագ է պատմում, որոնցից կոկորդդ առնում է։ Իսկ ինքը շարունակում է ժպտալ ու հաջորդ նկարը ցույց տալ։ 

- Եթե ձեզ պետք եմ, ցույց տամ,- ասում է։

Ու ես ափսոսում եմ էն ժամանակը, որ չեմ ճանաչել իրեն ու մեր մյուս հրաշալի ուսուցիչներին, որոնց դեռ չեմ ճանաչում։  Ու էլ ավելի անհանդուրժող դառնում դեպի էն ձևավորված համակարգը, որտեղ այս ու մյուս հրաշալի ուսուցիչները մնում են ստվերում ու որտեղ իրենք տալիս են եթե ձեզ պետք եմ հարցը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում