Մեծ Բրիտանիայում բժիշկները պատմել են կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքի մասին
Մեծ Բրիտանիայում շուրջ 120 հազար մարդ կարող է մահանալ այս ձմռանը երկրում սպասվող կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ հիվանդությամբ վարակվելուց հետո, եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն վիրուսի տարածումը վերահսկելու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Միացյալ Թագավորության բժշկական գիտությունների ակադեմիայի ուսումնասիրության տվյալները:
«Սցենարի մոդելավորման համաձայն, հոսպիտալացման և մահվան դեպքերի թիվը 2021 թվականի հունվարին և փետրվարին կհասնի բարձրակետին՝ համանման կամ նույնիսկ ավելի վատ 2020 թվականի գարնան առաջին ալիքից…, բուժհաստատություններում (բացի ծերանոցներից) մահերի թիվը 2020 թվականի սեպտեմբերի և 2021 թվականի հունիսի միջև ընկած ժամանակաշրջանում կարող է հասնել 119 հազար 900-ի»,- ասվում է Ակադեմիայի նյութում:
Սակայն նշվում է, որ այդ հաշվարկները նկատի չեն առել COVID-19-ի տարածման դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունների հնարավոր միջոցառումները: Գիտնականները Մեծ Բրիտանիայի իշխանություններին հորդորում են՝ սկսել ակտիվորեն նախապատրաստվել հիվանդության տարածման երկրորդ ալիքին՝ ռիսկերը նվազեցնելու համար, ներառյալ վիրուսի փոխանցումը կրճատելու և վարակման դեպքերի հսկողության միջոցառումները:
Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 45 հազարի, հիվանդացածների թվաքանակը գերազանցել է 290 հազարը: Սակայն վերջին շաբաթներին երկու ցուցանիշները կայունորեն նվազում են, ինչը կառավարությանը հնարավորություն է տվել աստիճանաբար հանել սահմանափակումները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 12,5 միլիոն դեպք, ավելի քան 561 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ