Ամառային ճամբարներում իրենց հանգիստն են անցկացնում տարեկան 3200 երեխաներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հյուրընկալվել է Հանքավանի «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Լուսաբաց» ճամբարներում առաջին հերթափոխով ամառային հանգիստն անցկացնող երեխաներին:
Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է ճամբարում ստեղծված պայմաններին, երեխաների հագեցած առօրյային և նրանց մաղթել ուրախ ու անմոռանալի հանգիստ:
Դպրոցականների ամառային ճամբարը կազմակերպվել է ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» պետական ծրագրի շրջանակում: Հուլիսի 1-20-ը զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների 1600 դպրոցահասակ երեխաներ հանգստանում են «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Լուսաբաց» և Լավա աղբյուր ճամբարներում։
Ճամբարային բազմաթիվ ծրագրերում ներառված են նաև կրթական, սպորտային, մշակութային բաղադրիչներ: Մասնավորապես՝ իրականացվում են երաժշտական ընդունակությունների զարգացման, տուրիզմի, բնության ճանաչողության, լեզվաճանաչողության, արվեստի (նկարչություն, քանդակագործություն և այլն), ֆիզիկական դաստիարակության և պատմաճանաչողական ճամբարային ծրագրեր:
Ամառային հանգստի կազմակերպման ճամբարային ծրագիրն իրականացվում է երկու հերթափոխով: Հաջորդ՝ 2-րդ հերթափոխը, կկազմակերպվի 2023 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը, որին կրկին կմասնակցեն 1600 դպրոցահասակ երեխաներ։
Ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, ապահովվում է վերոնշյալ ընտանիքների 7-13 տարեկան 3200 երեխաների հանգստի կազմակերպումը:
Կարծիքներ