Արցախում բարձր գներ կիրառող տնտեսվարողները կզրկվեն պետպահուստից ապրանքների մատակարարումից
Արցախի այն տնտեսվարողները, որոնք կկիրառեն պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանված մինչև 15%-ի չափով վերադիրը ներառող ապրանքների իրացման ավելի բարձր գներ, հետագայում կզրկվեն ապրանքների մատակարարումից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հայտարարության մեջ, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Տնտեսավարող սուբյեկտներին ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ենք, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր:
Այն տնտեսվարողները, որոնք կկիրառեն ապրանքների իրացման ավելի բարձր գներ, հետագայում կզրկվեն ապրանքների մատակարարումից»,- հայտարարել է հանձնաժողովը:
Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։
Կարծիքներ