Գործադիրն առաջարկում է բարելավել տնտեսվարողների գործունեության պայմանները

Գործող ընթացակարգի համաձայն՝ անձը, որը ցանկանում է զբաղվել առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեությամբ, այդ մասին ծանուցում է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:
Հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն նախատեսող Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Ըստ զեկուցողի՝ նկատի ունենալով, որ առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակներն առավելապես առնչվում են Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներին, առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում, և ՀՀ կառավարության որոշմամբ՝ այդ մասով որպես լիազոր մարմին սահմանել Էկոնոմիկայի նախարարությանը:
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին՝ նշելով, որ օրենսդրական փոփոխության արդյունքում տնտեսվարողների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է ««Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, ընդունվել են Կառավարության ներկայացրած առաջարկները:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:
Օրենքների նախագծերը կքննարկվեն Ազգային ժողովի հունիսի 9-ի արտահերթ նիստում:
Կարծիքներ