ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող Ա/Ձ-ին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել Վանաձոր քաղաքի Թումանյան 10ա հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Նարեկ Բրուտյանի կողմից շահագործվող բենզալցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։
Ըստ այդմ՝ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է հետևյալը․ բենզալցակայանը՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), 2020թ․ նոյեմբերի 17-ին անցել է ԱՎՕ տեխնիկական անվտանգության փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն։ Նշված ԱՎՕ-ն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է համասեփականատեր Նունե Բրուտյանի անվամբ, սակայն շահագործվում է անհատ ձեռնարկատեր Նարեկ Բրուտյանի կողմից։ Տեղեկացնում է տեսչական մարմնի լրատվական ծառայությունը։
Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտները հաշվառելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները գրառելու, վերլուծելու նպատակով լիազոր մարմինը վարում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը: Ռեեստրում գրանցման ենթակա են արտադրական վտանգավոր օբյեկտի մասին տեղեկությունները՝ ԱՎՕ շահագործող անձի անվանումը /անունը` անհատ ձեռնարկատիրոջ համար, պետական գրանցման, տեխնիկատեխնոլոգիական, տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքների, ինչպես նաև ԱՎՕ-ի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության մասին տվյալները։ Նույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում լիազոր մարմնին չտեղեկացնելը ենթակա է տուգանման՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, հիմնավորված է համարել, որ անհատ ձեռնարկատեր Ն․ Բրուտյանը թույլ է տվել վարչական իրավախախտում, այն է՝ ԱՎՕ շահագործող անձի փոփոխության մասին լիազոր մարմնին չի տեղեկացրել։
Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, անհատ ձեռնարկատեր Ն․Բրուտյանը ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք ՝ 500 հազար ՀՀ դրամ գումարի չափով:
Կարծիքներ