Մեծ Բրիտանիայում նոր գիտափորձ է սկսվել. մարդկանց 2 տարբեր պատվաստանյութեր կներարկեն «Քովիդ-19»-ի դեմ
Մեծ Բրիտանիայում գիտնականները նոր փորձարկումներ են սկսել՝ պարզելու, թե արդյոք արդյունավետ կլինի, երբ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստվելիս մարդիկ տարբեր պատվաստանյութեր ստանան առաջին և երկրորդ ներարկման դեպքում:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, գիտափորձի նպատակն է ճկունություն ապահովել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման հարցում և պահեստային տարբերակ ունենալ որևէ պատվաստանյութի մատակարարման խնդրի ի հայտ գալու դեպքում:
Գիտնականները նշում են, որ պատվաստանյութերը խառնելը գուցե նաև առավել արդյունավետ պաշտպանություն ապահովի:
Միացյալ Թագավորության՝ պատվաստանյութերի հարցով զբաղվող նախարարը հայտնել է, որ ներարկումների մոտեցումը դեռևս չի փոխվի երկրում մինչև ամառ: Ներկա պահին Բրիտանիայում երկու պատվաստանյութ է ներարկվում բնակիչներին՝ տեղական արտադրության Oxford-AstraZeneca-ի համատեղ դեղամիջոցն ու ամերիկա-գերմանական Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ պատվաստանյութերը խառնելու գիտափորձին կմասնակցեն 50 տարեկան կամ ավելի բարձր տարիքի անձինք, որոնք դեռ չեն պատվաստվել: Նրանք կստանան վերոնշյալ երկու պատվաստանյութի չափաբաժինները 4 կամ 12 շաբաթ տարբերությամբ:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3.8 մլն-ը, մահացածներինը՝ 109 հազարը:
Կարծիքներ