Խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի սկզբունքն ու ռազմավարությունն է. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի դեսպանի հետ հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիթ Մեդնենին:
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Լատվիան Հայաստանի համար Եվրոպայում կարեւոր գործընկեր է:
Հանդիպմանն առանձնացվել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը՝ կարեւորելով Հայաստանի եւ Լատվիայի խորհրդարանների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացումը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի դերը՝ հույս հայտնելով, որ Լատվիայի խորհրդարանը շուտով կնշանակի ՀՀ խորհրդարանի հետ համագործակցության խթանման խմբի նոր ղեկավար:
Խոսելով Հայաստանի ու Արցախի մարտահրավերներից՝ անդրադարձ է եղել ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ-ի 120.000 հայերի իրավունքներին:
«Տարածաշրջանում անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա հավելել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության սկզբունքն ու ռազմավարությունն է:
ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ բոլոր միջազգային գործընկերներին պարբերաբար կոչ է արվում հստակորեն անդրադառնալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին՝ ի նպաստ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության:
Կարծիքներ