Բելառուսը դուրս է եկել ԵՄ Արևելյան գործընկերությունից
Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը։ Բելառուսի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությանը հղումով գրում է iz.ru-ն։
«Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ կիրառված աննախադեպ պատժամիջոցների կապակցությամբ այսօր արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսի Հանրապետությունում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Դիրկ Շուբելը»,- նշել են գերատեսչությունում:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, դիվանագետին տեղեկացրել են ԵՄ քայլերին ի պատասխան Բելառուսի քայլերի մասին, մասնավորապես՝ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին։
Բացի այդ, Մինսկը կարգելի Բելառուս մուտք գործել եվրակառույցների ներկայացուցիչներին և ԵՄ երկրներից այն անձանց, որոնք «նպաստել են Բելառուսի դեմ սահմանափակիչ միջոցների կիրառմանը»:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Եվրամիությունը պաշտոնապես ընդունել է Բելառուսի նկատմամբ ոլորտային տնտեսական պատժամիջոցները։
Մինսկի դեմ Արևմուտքի միջոցները սահմանվում են Ryanair ավիաընկերության օդանավի հետ կապված միջադեպի ֆոնին, որը մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Բելառուսի մայրաքաղաքում։ Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվախային անկարգություններին մասնակցելու համար:
Կարծիքներ