Արցախի ՄԻՊ-ը Թեհրանում ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի Թեմական խորհրդի (Առաջնորդարան) հրավերով հունվարի 26-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այդ մասին ասված է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում:
«Հունվարի 27-ին Պաշտպանը մասնակցել է Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում հազարավոր իրանահայերի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքին։
Իր ելույթում ընդգծելով Սփյուռքի աջակցության կարևորությունը՝ նա նշել է, որ հայությունը ոտքի է կանգնել միջազգային հանրությանն ասելու, որ անթույլատրելի է ադրբեջանական հանցավոր վարչակազմի կողմից 21-րդ դարում 120 000 մարդու կյանքը կասկածի տակ դնելը, նրանց կենսական իրավունքներից զրկելը։
Հանրահավաքին ելույթ են ունեցել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ԹՀԹ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և հեռավար ուղերձով՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Այնուհետև Գեղամ Ստեփանյանը հանդիպում է ունեցել ԹՀԹ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավորների հետ և շնորհակալություն հայտնել Արցախի և արցախահայության իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող բոլոր ջանքերի համար։
Հունվարի 29-ին «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ Հ. Ուս. «Չհարմահալ» միության «Հովհաննես Թումանյան» սրահում տեղի է ունեցել դասախոսական երեկո «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձութունների կիզակետում» խորագրով։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի (Լաչինի միջանցք) շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ համակարգային և հետևողականորեն իրականացվող հանցագործությունները, որոնք նպատակ են հետապնդում էթնիկ զտում իրականացնելու Արցախում։ Պաշտպանը ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփյուռքը կարող է ունենալ անգնահատելի դեր:
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանն այցելել է նաև Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն («ՀՈՒՍԿ»), «Ալիք» օրաթերթի խմբագրություն, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպություն, Հ. Ուս. «Չհարմահալ» միություն և Հայ հասարակական միություն»,- նշված է գրառման մեջ։
Կարծիքներ