«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)
Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլեկտրական տեխնիկա։
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են տարածքից տեխնիկայի դուրսբերման աշխատանքներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։42-ին, մարվել՝ 19։20-ին։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մեգա Տեխնիկս» ՍՊԸ-ին պատկանող շենքում վարձակալած պահեստում (150 քմ)։ Այրվել է պահեստավորված, նոր էլեկտրական տեխնիկա։
Հրշեջ-փրկարարների կողմից կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա պահեստներ։
Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Կարծիքներ