Անցկացվել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողով. ներկա էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը

Անցկացվել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողով. ներկա էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Օլսոնը, Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին մասնակցել են հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին, որը տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Անցած տարի նոր կորոնավիրուսի պատճառով այս համաժողովը չկարողացանք անցկացնել, սակայն ուրախ ենք վերականգնել տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ հավաքվելու, մտքեր, գաղափարներ և տեղեկություններ փոխանակելու այս վաղեմի ավանդույթը։

Նախքան նոր կորոնավիրուսի համավարակը այսօրինակ համաժողովներ կազմակերպվել են Բաքվի և Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատներում՝ համապատասխանաբար 2019 և 2018թթ․։

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին ընդառաջ՝ մենք ընդգծում ենք, որ հանձնառու ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը և աջակցել տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում