Իսպանիայի վարչապետը Եվրամիությանը գազի գնման միասնական ռազմավարություն մշակելու կոչ է արել
Եվրամիությունը պետք է գազի գնման համատեղ ռազմավարություն մշակի, ինչպես դա արվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի դեպքում, ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առաջարկներից մեկը, որ ներկայացրինք Եվրահանձնաժողովին եւ անդամ բոլոր երկրներին, հետեւյալն է՝ եթե դա աշխատել է պատվաստանյութի համատեղ գնման դեպքում, ինչու՞ չենք ամրապնդում մեր բանակցային կարողությունները Եվրոպայում գազի ռազմավարական պաշար համատեղ ձեռք բերելու եւ (ստեղծելու) միջոցով», - ասել է Սանչեսը ֆորումի ժամանակ, որը տեղի է ունենում իսպանական Պոնտեվեդրա քաղաքում: Դրան մասնակցում է Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան:
Իսպանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ էներգակիրների գնաճն անդրադառնում է ոչ միայն այս երկու երկրների, այլեւ ամբողջ Եվրոպայի վրա, եւ «որքանով որ նա հասկանում է Եվրոպական միությունը», դրա գաղափարը տարածաշրջանի ռազմավարական անկախության ամրապնդման համատեղ գործողություններն են:
Եվրոպայում գազի գները կտրուկ բարձրացել են վերջին շաբաթների ընթացքում: Դեռ օգոստոսի սկզբին հոլանդական TTF ինդեքսով մոտ ապագայի ֆյուչերսները կազմում էին մոտ 515 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ սեպտեմբերի վերջին այդ ցուցանիշն ավելի քան կրկնապատկվել էր: Այսօր ֆյուչերսների գինը հազար խորանարդ մետրի դիմաց մոտենում է ռեկորդային 1200 դոլարին, վկայում են ICE Futures-ի առեւտրի տվյալները:
Կարծիքներ