Խնդիրներ հաշմանդամության կարգավիճակի սահմանման ու բողոքարկման գործընթացում. տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր խորհրդի նիստ

Խնդիրներ հաշմանդամության կարգավիճակի սահմանման ու բողոքարկման գործընթացում. տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր խորհրդի նիստ

Սեպտեմբերի 7-ին հրավիրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստ։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված քննարկման հիմնական թեման վերաբերել է հաշմանդամության կարգավիճակի սահմանման չափորոշիչների և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքների բողոքարկման հետ կապված հիմնախնդիրներին։

Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումներն ու բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ հաշմանդամության կարգավիճակի սահմանման  հիմնախնդիրները համակարգային բնույթի են: Դրանց պատճառով են խախտվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

«Հաշմանդամության կարգավիճակ սահմանելու նպատակով նշանակված բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում չի իրականացվում անձի օբյեկտիվ զննություն, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները, չի իրականացվում իրական կարիքների գնահատում, փոխարենը հանձնաժողովի կողմից ուշադրություն է դարձվում միայն ներկայացված բժշկական փաստաթղթերում կատարված տերմինաբանական նշումներով արտացոլվող ախտորոշումներին՝ առանց դրանք համադրելու անձի կարիքների և հնարավորությունների հետ: Այս դեպքում խնդիրն այն է, որ բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներն ու բժշկասոցիալական փորձաքննության միջոցով հաշմանդամության կարգավիճակի, խմբերի սահմանման չափորոշիչները հստակ չեն և հաճախ տարաբնույթ մոտեցումների կիրառման պատճառ են դառնում»,- նշել է Արման Թաթոյանը:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնում, որ հաշմանդամության կարգավիճակի սահմանումից հետո իրենք իրենց կյանքի որակը, կենսակերպը շարունակում է մնալ նույնը, իսկ որոշ դեպքերը էլ հայտնվում են էլ ավելի ծանր վիճակում: Խնդիրն էլ ավելի է խորանում կարիքահեն համայնքային ծառայությունների սղության, իսկ որոշ դեպքերում (օրինակ, հազվադեպ հանդիպող ախտորոշումների համար) առհասարակ բացակայության պատճառով։ Արդյունքում, անձը զրկվում է ոչ միայն ստեղծված իրավիճակում կենսակերպն ինքնուրույն ապահովելու հնարավորությունից, այլև առաջացած խնդիրների լուծման հարցում բախվել է աջակցող հնարավորությունների և ծառայությունների բացակայությանը։

Հաշմանդամության կարգավիճակի սահմանման կամ հաշմանդամության խմբի փոփոխման հետ կապված խնդիրներն էլ ավելի են խորանում հանձնաժողովների որոշումների վերաբերյալ վարչական ակտերի բողոքարկման գործող ընթացակարգերի արդյունավետ չլինելու պատճառով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները փաստում են, որ վարչական ակտի բողոքարկման պարագայում հաճախ կատարվում է վարչական ակտի մակերեսային ուսումնասիրություն և որոշումը հիմնականում մնում է անփոփոխ, չի կատարվում ամբողջական՝ անձի գանգատների, տեղեկությունների վերլուծություն և փաստաթղթային զննություն։

Այդ դեպքում էլ մարդիկ նշում են, որ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով, չնայած իրենց առողջական վիճակի փաստացի վատթարացմանը, նոր բժշկական փաստաթղթեր ստանալու նպատակով հետազոտություններ չեն կարողանում անցնել, ինչի պատճառով էլ չեն կարող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներին վերափորձաքննություն անցնելու նպատակով:

Հաշմանդամության սահմանման ֆունկցիոնալության գնահատման մոդելին անցնելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին»  ՀՀ օրենքը, սակայն օրենքի կիրառումն ապահովող գործիքակազմ, ընթացակարգեր դեռևս ներդրված չեն:

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին բարձրացվել են տարաբնույթ հարցեր կապված հաշմանդամության կարգավիճակի սահմանման չափորոշիչների և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքների բողոքարկման անարդյունավետության հետ։

Բարձրացված հարցերը կամփոփվեն, ըստ իրավասության գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում