Կլոպ․ «Մանչեսթեր Սիթին» բացառիկ թիմ է, եւ ես չեմ կարող խոստանալ, որ կնվաճենք բոլոր տիտղոսները
Անգլիայի չեմպիոնի տիտղոսը 30 տարի անց դարձյալ նվաճած «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստացել է, որ թիմը կդառնա ավելի ուժեղ, սակայն «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցությունում բարդ կլինի նվաճել բոլոր տիտղոսները։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Լիվերպուլը» Կլոպի ղեկավարությամբ նվաճել էր նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթը։
«Նախորդ 13 ամիսները չափազանց առանձնահատուկ էին ինձ համար, դա ճիշտ է։ Ես կցանկանայի խոսել նաեւ անցած մրցաշրջանի մասին, քանի որ անհավանական ժամանակահատված էր իմ կարիերայում։ Այդքան լավ դեռ չէր եղել։ Տղաների ցուցադրած կայունությունն ապշեցնող էր։
Մենք չենք բավարարվի այսքանով։ Պետք է մնալ կենտրոնացած։ Խոստանում եմ, որ «Լիվերպուլը» կդառնա ավելի ուժեղ, բայց դա չի նշանակում, որ մենք կնվաճենք բոլոր տիտղոսները։ Բայց մենք կդառնանք ավելի լավը։ «Մանչեսթեր Սիթին» բացառիկ թիմ է, եւ ես չեմ կարող խոստանալ, որ կնվաճենք բոլոր տիտղոսները»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Պրեմյեր լիգայում հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի անցած տարվա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Խաղը տեղի կունենա հուլիսի 2-ին Մանչեսթերում։
Կարծիքներ