Մահացել է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ, եվրոյի հիմնադիր Ժակ Դելորը

Մահացել է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ, եվրոյի հիմնադիր Ժակ Դելորը

Մահացել է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ և միասնական եվրոպական արժույթի ստեղծման առանցքային դեմք հանդիսացող Ժակ Դելորը:

Դելորը մահացել է Փարիզի իր տանը, 99 տարեկան հասակում

Սոցիալիստ Ժակ Դելորը ակնառու քաղաքական կարիերա է ունեցել Ֆրանսիայում։ 1981-1984 թվականներին նախագահ Ֆրանսուա Միտերանի կառավարությունում նա զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը:

Հրաժարվել է միանալ նախագահական արշավին 1995 թվականին՝ ընտրություններում ունենալով մեծ առավելություն պոտենցիալ մրցակիցների նկատմամբ։ «Ես չափազանց մեծ ցանկություն ունեի մնալ անկախ: Եվ ես չեմ ափսոսում դրա համար, բայց չեմ էլ ասում, որ ճիշտ էի»,- ավելի ուշ խոստովանել է Դելորը:

Նա ղեկավարել է Եվրահանձնաժողովը 1985-1995 թվականներին։ Այս տասնամյակը Եվրամիության երկրների ներքին ինտեգրման ամրապնդման շրջան էր։ Ավարտվեց միասնական շուկայական տարածքի ստեղծումը, կնքվեցին Շենգենյան համաձայնագրերը՝ ապահովելով տեղաշարժը ԵՄ ներսում, ընդունվեց «Էրազմուս» ուսանողների փոխանակման ծրագիրը, ստեղծվեց միասնական եվրոպական արժույթը՝ եվրոն։

Ոչ բոլոր եվրոպացի առաջնորդներն են աջակցել Դելորի՝ ինտեգրումն ամրապնդելու ձգտումներին։ Դրան հատկապես դեմ է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը։

Դելորը ստեղծել է վերլուծական կենտրոններ՝ նպաստելու եվրոպական ֆեդերալիզմի զարգացմանը Եվրոպական հանձնաժողովի նախագահի իր մանդատն ավարտելուց հետո:

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում Դելորին նկարագրել է որպես «ֆրանսիական ճակատագիր ունեցող գործիչ», Եվրոպայի «ճարտարապետ» և «մարդկային արդարության մարտիկ»։

«Ես հարգանքի տուրք եմ մատուցում նրա աշխատանքին և հիշատակին և կիսում ընտանիքի վիշտը»,- ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է.

«Դելորը հեռատես մարդ էր, ով մեր Եվրոպան ավելի ուժեղ է դարձրել: Նրա կյանքի գործը միասնական, դինամիկ և բարգավաճ Եվրամիություն է: Եկեք հարգենք նրա ժառանգությունը՝ մշտապես թարմացնելով մեր Եվրոպան»:

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Դելորին անվանել է «մեծ ֆրանսիացի և մեծ եվրոպացի», ով պատմության մեջ է մտել որպես մեր Եվրոպայի կերտողներից մեկը։

Ըստ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդի, Եվրոպան կորցրել է իսկական պետական գործչի:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ևս ցավակցություն է հայտնել ու գրել.

«Դելորը պաշտպանում էր Եվրոպայի միավորումն այնպես, ինչպես ոչ ոք: Նա դարձավ ԵՄ-ի ճարտարապետը, ինչպիսին մենք այսօր գիտենք: Մեր պարտականությունն է այսօր շարունակել նրա աշխատանքը՝ ի շահ Եվրոպայի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում