ԵԱՏՀ խորհուրդը սահմանել է 2024 թվականի համար ԵԱՏՄ երկրներ տավարի մսի անմաքս ներմուծման քվոտաները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը սահմանել է մսամթերքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների մսի առանձին տեսակների անմաքս ներկրման քվոտաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ԵԱՏՀ-ի հաղորդագրության մեջ։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել սակագնային արտոնություն տրամադրել մսամթերքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների մսի առանձին տեսակների նկատմամբ՝ ներմուծման մաքսատուրքերից ազատման տեսքով», - նշված է հաղորդագրության մեջ։
«Խոսքը վերաբերում է 2024 թվականին սույն արտադրանքի ներմուծման հնարավորությանը հետևյալ ծավալներով. Հայաստանի Հանրապետության համար՝ մինչև 8,5 հազար տոննա, Բելառուսի Հանրապետության համար՝ մինչև 7,5 հազար տոննա, Ղազախստանի Հանրապետության համար՝ մինչև 5 հազար տոննա, Ղրղզստանի Հանրապետության համար՝ մինչև 3,5 հազար տոննա և Ռուսաստանի Դաշնության համար՝ մինչև 100 հազար տոննա», - գրված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
ԵԱՏՀ-ն պարզաբանել է, որ միջոցառման նպատակն է լրացնել ԵԱՏՄ ներքին շուկայում մսի հումքի պակասը, զարգացնել վերամշակող ձեռնարկությունների կողմից պատրաստի մսի և երշիկեղենի արտադրությունը, ինչպես նաև նվազեցնել արտադրության ինքնարժեքի ծախսերը և զսպել պատրաստի արտադրանքի գների աճը միության երկրներում։
Սակագնային արտոնությունը կտարածվի միայն խոշոր եղջերավոր անասունների մսի վրա, որը նախատեսված է բացառապես արդյունաբերական վերամշակման և պատրաստի արտադրանքի արտադրության համար՝ լիազորված մարմնի կողմից ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատման պայմանով։
«Այդ հումքը չի դասվում բարձրորակ տավարի մսի շարքին, որը հիմնականում արտադրվում է ներքին շուկայում», - հավելել են ԵԱՏՀ-ում:
Կարծիքներ