Իրանը չի բացատրել ուրանի հետքերը մի շարք օբյեկտներում․ հայտնել են ՄԱԳԱՏԷ-ից
Իրանը դարձյալ նոր տեղեկատվություն չի տրամադրել մի քանի չհայտարարագրված օբյեկտների մասին, որտեղ հայտնաբերվել են ուրանի մասնիկների հետքեր։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
«Իմ վերջին զեկույցից ի վեր Իրանը որևէ նոր տեղեկատվություն չի տրամադրել մեկ օբյեկտի վերաբերյալ, չի պատասխանել գործակալության որևէ հարցի և չի տրամադրել որևէ տեղեկություն մյուս երկու վայրերի վերաբերյալ, գրավոր հայտարարություն է ներկայացրել չորրորդ օբյեկտի վերաբերյալ՝ առանց որևէ հաստատող փաստաթղթի»,- ասել է Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի առջև:
Գրոսսին նշել է, որ Իրանի կողմից գործակալությանը չբացահայտված երեք օբյեկտներում մարդածին ուրանի բազմաթիվ մասնիկների առկայությունը, ինչպես նաև օբյեկտներից մեկում փոփոխված իզոտոպային բաղադրությամբ մասնիկների առկայությունը «հստակ ցույց է տալիս, որ այդ օբյեկտներում եղել է միջուկային նյութ և (կամ) միջուկային նյութով աղտոտված սարքավորումներ»։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին, հաղորդել էր, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում Իրանն արտադրել է 2,4 կիլոգրամ ուրան՝ հարստացված մինչև 60%։ Համատեղ գործողություների համապարփակ ծրագիրը ենթադրում է հարստացում մինչև 3.67%-ի: Իրանն ավելի վաղ հրաժարվել էր այդ պարտավորությունից:
ՄԱԳԱՏԷ-ում մտահոգություն են հայտնել, որ Իրանը չի կարողացել բացատրել ուրանի մասնիկների հետքերի առկայությունը չհայտարարագրված մի քանի օբյեկտներում:
Կարծիքներ