Կարևոր է հեռուստատեսության դերը հանրությանն իրազեկելու ու իրավագիտակցությունը բարձրացնելու հարցում. ՄԻՊ
«Հայկական հեռուստատեսության սիրելի՜ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ:
Դեռևս 1996 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 21-ը հռչակել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր։ Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին:
Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում, այն նորանոր հորիզոններ է բացում լրագրության, հրապարակախոսության, քաղաքականության ու արվեստի գրեթե բոլոր ուղղությունների համար: Կարևոր է հեռուստատեսության դերը հանրությանն իրազեկելու ու նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու հարցում:
Այսօր էլ հեռուստատեսության առջև ծառացած են բարդ ու կարևորագույն խնդիրներ: Դրանց լուծումը պահանջում է աշխատանքների, մոտեցումների ու տեսլականի մշտական կատարելագործում և բարելավում՝ ժամանակակից պահանջներին համապատասխան:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։ Հեռուստատեսության օրվա առթիվ մաղթում եմ ստեղծագործ աշխատանք, անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ»:
Կարծիքներ